Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայացք «Ծիրան»ամարաթոնի վազքուղուն

Հայացք «Ծիրան»ամարաթոնի վազքուղուն
17.07.2009 | 00:00

ԱՌԱՅԺՄ ՈՉ ՎԱՌՎՌՈՒՆ ԽՃԱՆԿԱՐ
«Փառատոնային ֆիլմերը հիմնականում «մահացած» ու տաղտկալի են և, հաստատ, երբեք ոչ մեկին պետք չեն լինելու»։
Սերգեյ Սոլովյով
ՈՒթօրյա գերհագեցած ծրագրով երևանյան մշակութային առօրյայում զանգվածային հետաքրքրություն առաջացրած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասշտաբայնության հավաստիք թվային արտահայտություններից հրաժարվում եմ ի սկզբանե։ Նախնական մամուլի ասուլիսներում բարձրաձայնված, հաղորդագրություններում և «Ոսկե ծիրան» երկլեզու օրաթերթում (գլխավոր խմբագիր` Անդրե Վարդենբուրգ) հրապարակված տվյալներում նկատածս տարբերությունները վիճահարույց են դարձնում երերուն վիճակագրությունը։ Ներկայացված հայտերի ընդհանուր թիվը տատանվում է 400-ից 500-ի միջև, մասնակից երկրներինը` 52-ից 65-ի, ընտրված ֆիլմերինը` 85-ից 158-ի։ Այդուհանդերձ, քաջատեղյակ լինելով կինոարտադրության երկարաձգվող խոր ճգնաժամից մինչ օրս հստակ ելք չգտած մեր երկրում սնկի նման բազմացող մի շարք (գերազանցապես` միջազգային) կինոփառատոների իրական բովանդակությանը, անվարան վերագրում եմ դրոշակակրի պատիվը հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ու նրա թիմակիցների նախաձեռնած «Ոսկե ծիրանին»։ Նրանց ջանադրությամբ ու տարեցտարի ընդլայնվող անմիջական կապերով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատարությամբ կայացմանը նպաստող տասնյակ մեկենասների անդավաճան նյութական աջակցությամբ այս կինոփառատոնն այժմ համաշխարհային կինոքարտեզում իր գոյությամբ հանրաճանաչ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը` որպես տարածաշրջանի գլխավոր կինոհամաժողովի բնօրրան։ Աշխուժացող փոխշփումներով փորձում են ինքնադրսևորման ճանապարհ հարթել մեկամյա կինոդպրոցում ընդգրկված երիտասարդ հայ կինոգործիչները։ «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ամենամյա համաժողովներում քննարկվող կինոնախագծերից ամենաուշագրավները համատեղ արտադրությամբ իրականացնելու գաղափարը յուրատեսակ ազդակ է դառնում հայկական կինոյի վերընձյուղման։ Այս առումով առաջին շոշափելի արդյունքն ի հայտ եկավ օրերս։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում ամերիկացի կինոբեմադրիչ Բրադեն Քինգը հուլիսի 23-ից ձեռնարկում է «Այստեղ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումը միջազգային անձնակազմով, որում ներառված են 16 տեղացի հայ դերասաններ։ Մոտ 1 մլն ԱՄՆ դոլար բյուջեով իրականացվող այս կինոժապավենը, Լուբնա Ազաբալի և Բեն Ֆոսթերի գլխավոր դերակատարությամբ, ենթադրվում է էկրան բարձրացնել հաջորդ գարնանը` լիահույս, որ քառամյա նախապատրաստական աշխատանքով կարելի է դիտարժան դարձնել 5 երկրներից հավաքագրված ստեղծագործական խմբի համագործակցության վերջնարդյունքը պրոդյուսերներ Լարս Նուդսենի և Ջեյ Վան Հոյի աջակից ղեկավարությամբ։ Ցանկալի կլիներ շուտով իրազեկվել Հայաստան-Թուրքիա կինոերկխոսության կոնկրետացման մասին։ Երեքական հայ և թուրք կինոռեժիսորների մեկտեղմամբ մտահղացված նախագծի հիմքում անցյալ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն է. հնարավոր կլինի՞ արժանահավատ փոխըմբռնումը...
Մինչ ՀՀ արտգործնախարարության կոնֆերանսների դահլիճում շարունակվում են Հայաստանից, Թուրքիայից, ՈՒկրաինայից, Վրաստանից և Էստոնիայից ներկայացված 16 կինոնախագծերի դռնփակ քննարկումները, «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոնների, «Նարեկացի» արվեստի միության և Տիկնիկային թատրոնի դահլիճներում վաղ առավոտից մինչ ուշ երեկո ցուցադրվում են վեցերորդ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկի խաղարկային, կարճամետրաժ և վավերագրական կինոժապավենները։ Հունիսի 8-ից հուլիսի 3-ն անցկացված նախնական ցուցադրություններից ստացածս ընդհանուր տպավորությամբ` դժվար է լինելու 5 ժյուրիների կազմում ընդգրկված փորձառու կինոգործիչների համար գեղարվեստականության չափանիշներով ընտրություն կատարելը։ Միջազգային խաղարկային (նախագահ` Կոհեյ Օգուրի) և վավերագրական (նախագահ` Ալեքսանդր Ռոդնյանսկի), «Հայկական համայնապատկեր» (նախագահ` Հայկ Բալյան), ինչպես նաև հասարակական հիմունքներով գործող ՖԻՊՐԵՍՍԻ (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա), և Էկումենիկ (եկեղեցիների) հանձնախմբերի եզրահանգումների շուրջ մտորումներս թողնելով կիրակնօրյա ավարտական երեկոյի ճշգրտմանը` «Ծիրան»ամարաթոնի «վազքուղում» ինձ հետ միասին ակտիվորեն ներգրավված գործընկերներիս ու ամենատոկուն կինոսիրողների անմիջական, անկեղծ նկատառումների ի մի բերմամբ հավաստում եմ, որ մրցութային երկարաձիգ ֆիլմաշարում բարձրարվեստ կինոպատումների անքթիթ որոնումները վերստին Սիզիփոսի քարը գլորելուն համարժեքվեցին։ Անվերջանալի թվացող վավերագրական ժապավեններն առավելապես ռեպորտաժային բնույթի էին։ Անկախ ճանաչողական ակնառու նշանակությունից` հոգնեցնում էին տիպականությունից զերծ հիմնական ասելիքի մատուցման սիրողական մակարդակով։ Խաղարկայինները, գտնվելով վավերագրականի ու գեղարվեստականի «սահմանամերձ գոտում», երկարաշունչ միապաղաղության պարզունակությամբ շուտով, մեղմ ասած, անհրապույր էին դառնում` հազվադեպ գունեղ առկայծումները հընթացս տարրալուծելով խամրած ամբողջի մեջ։ Նախորդ հինգի նման վեցերորդ «Ոսկե ծիրանի» խճանկարում ամենաուշագրավը արտամրցութային մի շարք ծրագրերն էին` լեհական, ֆրանսիական, գերմանական և հոլանդական ֆիլմօրերը, սիրիահայ գեղանկարիչ ու երգիծաբան Վրեժ Քասունու մտահղացած «Արաբական գիշերները» (այս անգամ` լիբանանյան շեշտադրությամբ), երեք մեծահասակ կինոբեմադրիչների` լեհ Եժի Սկոլիմովսկու, ճապոնացի Կոհեյ Օգուրիի և ամերիկացի Ռոբ Նիլսոնի աշխատանքների հետահայաց ցուցադրությունները։ Փառատոնի լուսաբանմանը հավատարմագրված լրագրողների համար առանձնակի իմաստավորված էին ամենօրյա իրարահաջորդ մամլո ասուլիսներում երբեմն չափազանց աշխույժ հունով ընթացող զրույցները պատվավոր հյուրերից ու մասնակիցներից շատերի հետ։ «Մերձավոր շրջապատ» բացման ֆիլմի բեմադրիչ Լորան Տյուելի և պրոդյուսեր Ալեն Թերզյանի` առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած ֆրանսահայ հանրահռչակ կինոարտադրողի։ «Անկախ կինոյի ռահվիրա», բազմամրցանակակիր Ռոբ Նիլսոնի, «Մարգարետ միդ» վավերագրական շրջիկ փառատոնի նախագահ Արիելա Բեն Դովի... 41 տարի Միացյալ Նահանգներում բեղուն կինոգործունեություն ծավալող Անջեյ Կրակովսկու և ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովի հյութեղ պատմություններով նրանց հարուստ կենսափորձից ոչ միայն կինոյի, այլև կյանքի ճանաչողության արժեքավոր դասեր քաղեցինք։ Վերջինիս «2-ԱՍՍԱ-2» և «Աննա Կարենինա» արտամրցութային ֆիլմերի հանդեպ զանգվածային բուռն հետաքրքրությունը կիզակետային նշանակությամբ հավասարը չունեցավ։ Երբ կայացավ անձնական ծանոթությունը խաղարկային մրցույթի մասնակիցներ Էդվինի («Կույր խոզը, որն ուզում է թռչել», Ինդոնեզիա), Սիդիք Բարմաքի («Ափիոնի պատերազմը», Աֆղանստան) և Անդրեյ Խրժանովսկու («Մեկ ու կես սենյակ») հետ, անմիջապես մարեցին մեր տրտունջները մինչ ֆիլմերի դիտումներն ասուլիսներ անցկացնելուց։ Առաջինների ժապավեններից նախապես ստացած տխուր տպավորությունները ստիպված էինք թաքցնել հեղինակների խանդավառ տրամադրությունը «Ոսկե ծիրան»-ով ու հյուրընկալ Հայաստանով չփչացնելու համար։ Մեր անկեղծության ակամա կապանքմամբ էլ այս կինոզրույցը միակողմանի հունով ընթացավ։ Թույլ չտվեցինք մյուս երկուսի ներկայությամբ Խրժանովսկու հետ կիսել անհամեմատ վառ տպավորությունները Իոսիֆ Բրոդսկու մասին անիմացիոն տարրերով համեմված նրա կինոպատումից և Ալիսա Ֆրեյնդլիխի ու Սերգեյ Յուրսկու կոլորիտային դերակերպավորումներից։ Մեծահամբավ հյուրերի հավաստմամբ` մեր «Ոսկե ծիրանն» իր արտաքին փայլով ու բազմաշերտ աշխատանքային ռիթմով ամենևին չի զիջում միջազգային հանրահայտ կինոփառատոներին (գուցե նաև` ֆիլմացանկի գեղարվեստական արժանիքներո՞վ...)։ «Ծիրան»ամարաթոնի վազքուղու վերջնագծին չհասած` խուսափում եմ վաղաժամ ամփոփ վերլուծությունից, լիահույս, որ շարունակելով դահլիճից դահլիճ դեգերել ամենաակտիվ հանդիսատեսների խմբում` նոր վառվռուն գույներ դեռևս կգտնեմ «Ծիրան»ախճանկարում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ